Քեսաբում Վարդավառի տոնի առիթով սուրբ պատարագ է մատուցվել

18:41, 29 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբի մերձակայքում գտնվող Քարադուրան գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցում Հիսուս Քրիստոս Պայծառակերպության տոնի առիթով սուրբ պատարագ է մատուցվել: Այս մասին «Արմենպրես»–ի հետ զրույցում նշեց քեսաբահայ Կարո Մանճիկյանն՝ ավելացնելով, որ Քեսաբի ազատագրումից և բնակիչների վերադարձից հետո սա առաջին պատարագն էր: Ինչ վերաբերում է միմյանց վրա ջուր ցողելու սովորությանը, Մանճիկյանը նշեց, որ Քեսաբում ջրի խնդիր կա, այն ամեն օր չի հասնում, մարդիկ ջրամբարներից են օգտվում, ուստի այդ ավանդույթը, կարելի է ասել, չի կատարվել: Նա նաև հայտնեց, որ պատարագը մատուցել են Հալեպից ժամանած Տեր Մաշտոց քահանան, Քեսաբի եկեղեցու քահանա Տեր Միրո Ավետիսյանի հետ: Պատարագից հետո կոչ է ուղղվել քեսաբահայերին` ամուր կառչած մնալ իրենց հողին:

Քարադուրանի եկեղեցին, Մանճիկյանի խոսքով, 5-6 տարի առաջ վերակառուցվել է Քեսաբի քարերով:

Ընդհանուր առամամբ, Քեսաբում կյանքը աստիճանաբար սկսում է բարելավվել: «Ամեն օր մեկ-երկու ընտանիք վերադառնում է Քեսաբ»,- ուրախությամբ նշեց նա՝  ավելացնելով, որ սեպտեմբերին բոլոր հայկական դպրոցներում կվերսկսվի ուսումնառությունը:

Մանճիկյանը տեղեկացրեց, որ տասը օր առաջ Քեսաբում հայտնաբերվել է անհայտացած Շանթ Հովհաննիսյանի մարմինը: Տեղեկություններ կան, որ Հալեպի թեժ մարտերի ժամանակ հալեպաբնակ Շանթ Հովհաննիսյանն իր կնոջ և երեխայի հետ տեղափոխվել էր Քեսաբ: Մարտի 21-ին Քեսաբի վրա հարձակման ժամանակ նա իր կնոջն ու երեխային տեղափոխել է Լաթաքիա, իսկ ինքը մնացել է Քեսաբում: Միայն օրեր առաջ իրենց տան մոտ հայտնված բլրի տակ կինը հայտնաբերել է ամուսնու դին: Որևէ տեղեկություն չկա, թե ինչպես կամ երբ է նա սպանվել:


© 2009 ARMENPRESS.am