Սեյրան Օհանյանը և Մովսես Հակոբյանն այցելել են ՊԲ առաջին գծի տարբեր հատվածներ

10:36, 29 Հուլիս, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների համագործակցության շրջանակներում հուլիսի 27-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ իրականացվել է շրջայց առաջնային գծի տարբեր հատվածներում, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են բանակի ղեկավար կազմին և զորամասերի հրամանատարներին, ծանոթացել առաջնային գծում ինժեներական արգելափակոցների համակարգերի, դիտարկման, կրակի վարման և ազդանշանային համակարգերի կատարելագործման ուղղությամբ իրականացված և շարունակվող աշխատանքներին:

Վերջին շրջանում հակառակորդի ակտիվացման փորձերի հետ կապված` պաշտպանության նախարարներն անձնակազմին տվել են մեթոդական ցուցումներ և առաջադրել համապատասխան խնդիրներ:

Հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարները մասնակցել են նաև Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում բարերար Հայկ Մաղաքելյանի նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվելիք զինվորական ավանի հիմնարկեքի արարողությանը:


© 2009 ARMENPRESS.am