Շիրակի մարզի շուրջ 300 կմ երկարության ճանապարհահատված ունի հիմնանորոգման խնդիր
09:53, 29 Հուլիս, 2014ԳՅՈՒՄՐԻ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզի տարածքում մարզային ենթակայության շուրջ 300 կմ ընդհանուր երկարության ճանապարհահատված հիմնանորոգման խնդիր ունի: Խնդրի լուծման առավել նպատակային տարբերակը ՀՀ կառավարության կողմից մարզերի հրատապ խնդիրների լուծման ծրագիրն է: Ընթացիկ՝ հինգերորդ ծրագրով, փողոցների և ճանապարհների նորոգման աշխատանքներ են իրականացվում ինչպես Գյումրիում, այնպես էլ մարզի մյուս համայնքներում: Այս տարի ճանապարհաշինական աշխատաքների նպատակով միայն այս ծրագրով հատկացվել է 350 մլն դրամ գումար: Այդ գումարից մոտ 220 մլն դրամի շրջանակում Գյումրիում կհիմնանորոգվի երեք փողոց, իսկ մնացած գումարը կբաշխվի մարզի մյուս համայնքների միջև: Ճանապարհներ ու փողոցներ կնորոգվեն Արթիկում, Մարալիկում, Ախուրյան, Ձորակապ համայնքներում, կհիմնանորոգվեն նաեւ դեպի Հովհունի և Սարագյուղ տանող ճանապարհները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության, կապի, տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը, մարզպետարանը ևս, հնարավոր Ֆինանսական միջոցների առկայության դեպքում, հիմնանորոգում է մարզային ենթակայության ճաապարհները: Շատ համայնքներ ևս փորձում են հնարավորության դեպքում, իրենց համայնքային սուղ միջոցներից գումարներ հատկացնել ներհամայանքային ճանապարհների նորոգման համար, բայց դա հիմնականում արվում է փոսալցման կամ հարթեցման եղանակով: «Մարզում այս պահին կա շուրջ 300 կմ երկարության ճանապարհահատված, որն ունի հիմնանարոգման կարիք: Այս տարի այդ 300 կիլոմետրից կհիմնանորոգվի 7-ը: Որոշակի ճանապարհներ կվերանորոգվեն նաև ճանապարհների սպասարկաման գումարների շրջանակներում»,-ավելացրեց Խաչատուր Խնձրցյանը:
Արմենուհի Մխոյան
© 2009 ARMENPRESS.am