«Փաստարկ»-ը Ծաղկաձորում համախմբել էր բազմաթիվ երիտասարդների

13:59, 28 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 30 երիտասարդներ հուլիսի 25-ից 27-ը Ծաղկաձորում մասնակցել են «Փաստարկ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած հավաքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, ծաղկաձորյան հավաքի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանի հետ, նոր մեդիայի և PR-ի վաբերյալ քննարկում: Երիտասարդներից յուրաքանչյուրը հանդես է եկել զեկույցով` ՀՀ արտաքին քաղաքականության նախապես ընտրված ուղղությունների շուրջ:

ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ հանդիպումն անցել է ոչ պաշտոնական միջավայրում, երիտասարդները տվել են բազմաթիվ հարցեր` երկրում իրականացվող երիտասարդական քաղաքականությունից մինչև արտաքին մարտահրավերների վերաբերյալ: Կարեն Ավագյանն իր խոսքում նշել է, որ ցանկացած երիտասարդական բովանդակային առաջարկ կամ նախաձեռնություն, որն արդարացված կլինի, կիրականացվի: Հավաքի վերջին օրը մասնակիցներն ամփոփել են ծրագիրը և քննարկել օգոստոսի վերջին օրերից մեկնարկող հագեցած միջոցառումների բնույթն ու ձևաչափերը:

«Փաստարկ»-ը ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ծրագիր է, որն իրականացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում երիտասարդները տարբեր փորձագետներից հավաքագրում են մեր երկրի արտաքին քաղաքականության տարբեր ուղղություների վերաբերյալ հայանպաստ փաստարկներ և փորձում են ստեղծել հասանելի մեծ բազա:


© 2009 ARMENPRESS.am