Հայաստանում ննջեցյալների հիշատակության օր է

12:02, 28 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հանգուցյալների հիշատակության օրը` Մեռելոցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`Մեռելոցը հաջորդում է բոլոր տաղավար տոներին, ինչպես նաև Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնին, որը Հայ Առաքելական եկեղեցին նշում է հունվարի 6-ին:

Տաղավար տոներին հաջորդող երուշաբթի օրերն, իսկ հունվարի վեցի Սուրբ Ծննդյան ժամանակ՝ հունվարի յոթը, նվիրված է հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին: Ըստ Հայ Առաքելական եկեղեցու՝ ննջեցյալները կարիք ունեն մարդկանց աղոթքների` իրենց ներելի և անգիտությամբ գործած մեղքերի թողության համար, և հույսով սպասում են իրենց հոգիների հանգստության համար մեր հիշատակություններին: Ինչպես Հուդա Մակաբայեցին դրամ հավաքեց և ուղարկեց Երուսաղեմ` ննջեցյալների մեղքերի համար Սուրբ Պատարագ մատուցելու, և Բոոսն էր մեռելների և կենդանիների համար ողորմություն անում, այդպես էլ ննջեցյալների հարազատները ողորմություն են տալիս կարոտյալներին և պատվիրում քահանաներին իրենց հարազատների անունները հիշատակել Սուրբ Պատարագի մեջ:

Տաղավար տոների հաջորդ օրը եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և Հոգեհանգստյան պաշտոն բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս, և Պատարագի մեջ՝ Աստծո առջև:

Այդ օրը մարդիկ այցելում են նաև իրենց ննջած հարազատների գերեզմանները և պատվիրում քահանաներին օրհնել դրանք, որով ավետում ենք ննջեցյալներին Տիրոջ Երկրորդ գալստյան և մեռելների հարության հույսը:


© 2009 ARMENPRESS.am