ԼՐԱՑՎԱԾ/Տավուշի ուղղությամբ հակառակորդի կրակոցներից հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի. ՊՆ

11:48, 26 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ստորաբաժանումները հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը կրակել են ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարիմամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ հայկական կողմն արձագանքել է, երբ սկսել են կրակել կանոնավոր: «Բարեբախտաբար, հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի, հակառակորդն ունի վիրավորներ, որոնց մասին ոչինչ ասել չենք կարող»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ լրագրողների հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը:

Հարցին ի պատասխան, թե քանի ժամ է տևել կրակահերթը, Արծրուն Հովհաննսիյանը նշեց, որ կրակոցները եղել են տարբեր ուղղություններով: «Մոտ 2-3 ժամվա կտրվածքով տարբեր հատվածներում կրակել են: Երբեմն իրենք անկանոն են կրակում, մենք չենք պատասխանում, երբ սաստիկ են կրակում, պատասպանում ենք»,- նշեց ՊՆ մամուլի խոսնակը: 

Այն դիտարկմանը, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները կարծում են, որ հակառակորդին կլռեցնի ավելի վաղ և ուժգին պատասխանը, Արծրուն Հավհաննիսյանն ի պատասխան ասաց. «Հասկանում եմ` դա էլ բնակչի էմոցիոնալ մոտեցումն է, եթե մենք անհրաժեշտություն համարենք այդպես անել, կանենք: Ի վերջո կան ռազմական չափորոշիչներ, մոտեցումներ, որ պետք է ճիշտ պահին, ճիշտ տեղում, նվազագույն  ուժերով առավել արդյունավետությամբ գործել»:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը նաև հավելել է, որ հաշվի առնելով բերքահավաքի շրջանը՝ հակառակորդի ակտիվացումը սեզոնային բնույթ է կրում:


© 2009 ARMENPRESS.am