Բաքվում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների ֆորում է անցկացվել (տեսանյութ)

17:22, 25 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում առաջին անգամ անցկացվել է Ադրբեջանի  LGBT-ների (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորում: Միջոցառումն անցկացվել է Ադրբեջանում հայտնի «Ազադ LBGT» եւ «Նեֆես LGBT» կազմակերպությունների մասնակցությամբ: Այս մաին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է pia.az լրատվական կայքը` հղում կատարելով ադրբեջանական «Meydan TV» հեռուստաալիքին:

Ֆորումի անցկացման նպատակը LGBT մարդկանց իրավունքների պաշտպանության վրա ուշադրություն հրավիրելն է:

«Նեֆես LGBT» կազմակերպության ղեկավար Աթիլլա Ջավիդը հայտարարել է, որ նման ֆորումներ Ադրբեջանում կանցկացվեն նաեւ առաջիկա տարիներին: Ֆորումում ելույթ ունեցողները խոսել են LGBT կազմակերպությունների ապագա նախագծերից: Մասնակիցները հայտարարել են Ադրբեջանում LGBT մարդկանց համար առանձին ռադիոկայան բացելու իրենց մտադրության մասին:

Ֆորումի մասնակից «Ադրբեջանի ֆեմինիստ կանանց շարժման» ղեկավար Ասիման Նասիրլին` նշելով, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ գենդերային հավասարության մասին հոդված կա, ընդգծել է, որ Սահմանադրությունը, անկախ սեռից, պաշտպանում է յուրաքանչյուր անձի իրավունքը: Միջոցառման ավարտին մասնակիցների համար ցուցադրվել է համասեռամոլների մասին պատմող` «Նեֆես LGBT» կազմակերպության թարգմանած ֆիլմը:


© 2009 ARMENPRESS.am