Կայացավ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 11-րդ տարեկան գիտաժողովը

17:00, 25 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ,  25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Կանադայի Վիննիփեգ քաղաքում 2014 թ. հուլիսի 16-19-ին տեղի ունեցավ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության /International Association of Genocide Scholars/ 11-րդ տարեկան գիտաժողովը, որն այս տարի կրում էր «Ժամանակը, շարժումը եւ տարածությունը։ Ցեղասպանագիտությունը եւ բնիկ ազգերը» /Time, Movement, and Space: Genocide Studies and Indigenous Peoples/ խորագիրը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեցեկացրեց գիտաժողովին Հայաստանի մասնակից, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը:

Նրա զեկույցը վերնագրված էր «Նորեկածները և տեղաբնիկները: Հայոց հայրենիքի միատարրացումը որպես Օսմանյան կայսրության վերջին տարիների ազգա- և պետականաստեղծ նախագիծ» (Newcomers and Indigenous: Homogenization of Armenian Homeland as Nation and State Building Project in the Late Ottoman Empire):

ՀՑԹԻ փոխտնօրենը նշեց, որ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը 2007թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2010թ. ստացել ՀՀ Նախագահի` Հայոց ցեղաuպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար շնորհվող մրցանակ: «Այս կազմակերպության բոլոր գիտաժողովներում Հայոց ցեղասպանության թեմայով զեկույցներին միշտ մեծ տեղ է տրվել: Սակայն, վերջին տարիներին պատկերը փոխվել է: Գնալով Հայոց ցեղասպանության զեկույցների թիվը, ցավոք, նվազում է, և ներկայանալի այս գիտաժողովին այս տարի Հայոց ցեղասպանության ուսումնասիրողներից հրավեր ստացել են ընդամենը երկու մասնագետ՝ Սուրեն Մանուկյանը՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, և Ռուբինա Փիրումյանը՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանից»,- հայտնեց Սուրեն Մանուկյանը:

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հիմնադրվել է 1994 թվականին: Ընկերակցության նպատակն է հետազոտել և ուսուցանել աշխարհում տեղի ունեցած ցեցասպանությունների ծագումը, պատճառները` հետագայում հնարավոր ցեղասպանությունները կանխարգելման նպատակով:


© 2009 ARMENPRESS.am