Վանի Արտամեդ քաղաքի փողոցներում հայատառ ցուցանակներ են տեղադրվել

13:20, 25 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանի նահանգի Արտամեդ (թուրք. Էդրեմիթ) քաղաքում փողոցներում տեղադրված ցուցանակների վրա հայերեն գրություններ են ավելացվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:

Արտամեդի քաղաքապետ, քրդամետ «Դեմոկրատական տարածաշրջանների կուսակցության» (DBP) անդամ Սեւիլ Ռոյբին Չեթինն այդ կապակցությամբ պարզաբանել է, որ իրենց նպատակը հասարակության մեջ հայերի հանդեպ եղած թշնամական պատկերացումներին վերջ դնելն է եւ հայերի հանդեպ համակրանք ձեւավորելը:

«Քուրդ ժողովուրդը Անատոլիայում իր հետ դարերով ապրած հայ ժողովրդի հետ պատմական, մշակութային, հասարակական ընդհանրություններ ունի: Մինչեւ 1915 թվականը Վանն ու Էդրեմիթը հայերով խիտ բնակեցված վայրեր են եղել: Այդ պատճառով մենք թույլ չենք տալու, որպեսզի պետության կողմից եւ ցանկությամբ ջնջվի հայոց պատմությունը եւ վերացվի հայկական մշակույթը: Մենք այդ քայլը կատարել ենք որպես հայերի հանդեպ հարգանքի դրսեւորում», -ասել է Արտամեդի քուրդ քաղաքապետը:


© 2009 ARMENPRESS.am