Կառավարությունը կնպաստի Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացվելիք Դիլիջանի զարգացման ծրագրերին. ՀՀ վարչապետ

13:04, 25 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելեց Դիլիջանի միջազգային դպրոց: Վարչապետին ուղեկցում են ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Տավուշի մարզպետը, Դիլիջանի քաղաքապետը, Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրենը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանը շրջայց կատարեց դպրոցում, ծանոթացավ դրա կառուցման ավարտական աշխատանքներին:

Նա եղավ դպրոցի վարչական և ուսումնական հատվածներում, շրջեց ժամանակակից լսարաններում, գրադարանում, ուր աշխատանքները թևակոխել են վերջնական փուլ: Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրենի հետ զրույցում վարչապետը խոստացավ յուրաքանչյուր խնդրի դեպքում աջակցել:

«Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ այս ծրագիրն իրականանա: Ես համոզված եմ, որ այն կնպաստի Դիլիջան քաղաքի ու տարածաշրջանի զարգացմանը: Տեղյակ եմ նաև, որ Ռուբեն Վարդանյանը բազմաթիվ ծրագրեր ունի քաղաքի զարգացման համար, և մենք նպաստելու ենք, որ այդ ծրագրերն իրականան: Եթե կլինեն խնդիրներ` անպայման դրանց լուծում կտանք»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրեն Ջոն Պաըֆութի խոսքով` դպրոցը սեպտեմբերին պատրաստ կլինի ընդունել 98 ուսանողի 50 երկրից: Դիլիջանի միջազգային դպրոցում կուսանի 10 աշակերտ Հայաստանից, 8-ը` Ռուսաստանից, 2-ը` Վրաստանից, 4-ը` Թուրքիայից և այլն:

Դիլիջանի միջազգային դպրոցի շենքի շինարարությունն սկսվել է 2012-ին։ Դպրոցի կապիտալ շինարարության և կահավորման բյուջեն կազմում է մոտ 190 միլիոն դոլար: Դպրոցի 64 հազար քառակուսի մետր ընդհանուր տարածքում գործելու է մեծ համալիր` ժամանակակից սպասարկման նոր մեթոդների կիրառմամբ։ Նախատեսվում է, որ 2023 թվականին աշակերտների թիվը կհասնի 650-ի:


© 2009 ARMENPRESS.am