Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարից տուժած Մերի Քոչարյանի առողջականում կայունացման նշաններ են նկատվում

12:32, 18 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Մետրոյում տեղի ունեցած վթարից տուժած հայազգի Մերի Քոչարյանի վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր, սակայն բժիշկները նկատում են որոշակի կայունացման նշաններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդուարդ Ջամբազյանն ասաց, որ այսօր առավոտյան է Քոչարյանի հարցով զրուցել բժիշկների հետ:

«Բժիշկները նկատում են որոշակի կայունություն ու ամեն ինչ անում են, որպեսզի Մերիի առողջականը դեպի լավը գնա: Դրական միտումը կայանում է նրանում, որ մի փոքր վիճակը կայունանում է: Դեսպանությունը մշտական կապի մեջ է նաև նրա հարազատների հետ»,- նշեց Ջամբազյանը:

Խոսելով հայազգի մյուս տուժած աղջկա` Աննա Բուլղադարյանի մասին, Ջամբազյանը տեղեկացրեց, որ նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և կյանքին վտանգ չի սպառնում: Աննա Բուլղադարյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են օրթոպեդիկ բաժին:

Մոսկվայի մետրոպոլիտենում հուլիսի 15-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ուղևորների շրջանում կան հայազգի անձինք.

1) Քոչարյան Մերի Աշոտի – 20 տարեկան, Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով,

2) Բուլղադարյան Աննա Օլեգի – 23 տարեկան, Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով: Նրանք երկուսն էլ ՌԴ քաղաքացիներ են:

Մոսկվայի մետրոյի վթարից զոհվել է 23 մարդ, 130-ից ավելի տեղափոխվել հիվանդանոց:


© 2009 ARMENPRESS.am