Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը ՌԴ վարչապետն ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթը /լրացված/

15:32, 11 Հուլիս, 2014

ՍՈՉԻ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սոչիում հանդիպեց ՌԴ իր գործընկերոջը՝  Դմիտրի Մեդվեդևին: Ինչպես Սոչիից փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ողջունելով Հովիկ Աբրահամյանին՝ Դմիտրի Մեդվեդևը նշեց, որ այս այցը հնարավորություն է տալիս քննարկելու ռուս-հայկական հարաբերությունների լայն շրջանակ` սկսած ներդրումային գործընթացներից, վերջացրած առևտրատնտեսական և հումանիտար բնագավառներում համագործակցությամբ: «Մեր երկրները շատ մոտ դաշնակիցներ են, մեր երկրները մոտ են ու ժողովուրդներն են շատ մոտ: Դա մեզ հնարավորություն Է տալիս տեղեկատվություն փոխանակել մեր համագործակցության բոլոր հարցերի շուրջ: Սրտանց ողջունում եմ Ձեզ Սոչիում»,- ասաց Մեդվեդևը

Իր հերթին, Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Դմիտրի Մեդվեդևին հրավերի և տարբեր հարցերի շուրջ մտքեր փոխանակելու հնարավորության համար: «Կարծում եմ՝ կկարողանանք մեր առանձնազրույցում արդյունավետ քննարկել մեզ հետաքրքրող հարցերը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: 

ՀՀ վարչապետը եւ Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են նաեւ ինտեգրացիոն գործընթացները: 

Հովիկ Աբրահամյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի ներկայությամբ Հայաստանի եւ Ռուսաստանի միջրացիոն ծառայությունների ղեկավարներն ստորագրել են Ռուսաստիանի Դաշնության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ համաձայնագիրը «Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների եւ Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գտնվելու կարգի մասին»:

Հանդիպումից հետո երկու երկրների վարչապետերի պատվին տրվել է աշխատանքային ճաշ:

Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը և պաշտոնատար այլ անձինք: 


© 2009 ARMENPRESS.am