Մինչեւ տարեվերջ Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը. ՀՀ վարչապետ

20:34, 3 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման հարցում որեւէ խնդիր չկա, եւ, ըստ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, մինչեւ տարեվերջ անդամակցության հետ կապված բոլոր խնդիրները լուծում կստանան եւ անդամակցության համաձայնագիրը կստորագրվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հուլիսի 3-ին ԵՏՄ անդամ պետությունների նախագահները պետք է հանդիպեին, սակայն այդ հանդիպումը չի կայացել: Վարչապետի խոսով, հանդիպման հետաձգման պատճառներն իրեն հայտնի չեն, սակայն քաղաքական որեւէ խնդիր չկա եւ Հայաստանն իր առջեւ դրված բոլոր պարտավորությունները կատարել է: «Մեր պարտավորությունները ամբողջությամբ կատարել ենք: Որեւէ քաղաքական խնդիր չեմ տեսնում: Հուլիսի 11-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ աշխատանքային հանդիպում է նախատեսված եւ հանդիպման օրակարգային հարցերից մեկն էլ դա է լինելու: Ամեն դեպքում քաղաքական որեւէ խնդիր չկա, խնդիրները քիչ են եւ կազմակերպչական»,- շեշտեց ՀՀ վարչապետը` հավելելով, որ մինչեւ տարեվերջ անդամակցության համաձայնագիրը կստորագրվի:


© 2009 ARMENPRESS.am