Արսեն Խոջոյանը ենթարկվեց հերթական բժշկական հետազոտությանը

18:54, 25 Հունիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական գերությունից վերադարձած, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը այսօր Հրազդանի բժշկական կենտրոնում դարձյալ ենթարկվել է համալիր բուժզննության:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նրան հետազոտել են թերապևտը, նյարդաբանը, ինչպես նաև Երևանից մեկնած վարակաբանն ու մաշկաբանը: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության և քաղաքականության վարչության մասնագետները, Խոջոյանին հետազոտած բժիշկ-մասնագետների հետ քննարկելով և վերլուծելով բուժզննության արդյունքները՝ Արսեն Խոջոյանի առողջական վիճակը գնահատել են բավարար՝ դրական դինամիկայով:

Հաղթահարվել են թուլությունը, մեջքի ցավը, սակայն դեռևս պահպանված է փսորիազի տարրը մաշկի վրա,  ինչի համար նշանակվել է դեղորայք և անհրաժեշտ քսուքներ, նշանակվել են նաև արևի դեմ պաշտպանվելու նպատակով քսուքներ: Բուժմասնագետները Արսեն Խոջոյանից վերցրել են արյան նմուշ, որի ուսումնասիրությունից հետո կպարզվի՝ Արսեն Խոջոյանն ունի բակտերիոլոգիական ու ինֆեկցիոն ախտանիշներ, թե ոչ:

Հաշվի առնելով Արսեն Խոջոյանի հիվանդության պատմությունը, առողջական վիճակը` 15-օրյա ժամկետում Արսեն Խոջոյանը դարձյալ կենթարկվի բուժզննության:  Անհրաժեշտության դեպքում բուժզննությունը կիրականացվի նաև ըստ կարիքի ցանկացած ժամանակ:  

Արսեն Խոջոյանի առողջական վիճակը և բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:


© 2009 ARMENPRESS.am