Բաքվում ՆԱՏՕ-ի սեմինարին հայկական պատվիրակությունը տրամադրված է կառուցողական երկխոսության

12:29, 16 Հունիս, 2014

ԲԱՔՈՒ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարին մասնակցող հայկական պատվիրակությունը տրամադրված է կառուցողական, պրոֆեսիոնալ երկխոսության: Այս մասին Թվիթերի միկրոբլգում նշել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, ով եւս ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանի, Թևան Պողոսյանի հետ մասնակցում է Բաքվում հունիսի 16-ի առավոտյան մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոթ» սեմինարին: Կիրակոսյանի թվիթերյան գրառումներից պարզ է դառնում, որ քննարկումների առաջին օրը սեմինարի մասնակիցների ուշադրության կենտրոնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: «ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի բացման օրը որոշ մասնակիցներ հստակ կոչեր են արել ընդգրկուն մոտեցում և ներգրավվածություն ցուցաբերել Ղարաբաղի հարցում… ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի` Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության մասին սեմինարի ժամանակ սկսում է «լեզվակռիվը» Ղարաբաղի վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշում է Կիրակոսյանը: Նրա գրառումների համաձայն` սեմինարի ընթացքում ադրբեջանական քաղաքացիական հասարակության ակտիվիստները բարձրաձայնել են այդ երկրում իրավունքի ոլորտում առկա ճնշումների մասին:

 Սեմինարի մասին սոցցանցերում գրառումներ են կատարել նաև միջազգային վերլուծաբաններ:

«Հայաստանի և Ադրբեջանի պատգամավորները բանավիճում են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Քննարկվում են ինքնորոշման և տարածքային ամբղջականության հարցերը»,- Թվիթերում նշում է ամերիկյան Atlantic Council հետազոտական հաստատության ավագ գիտաշխատող Սաբինա Ֆրեյզերը:

«Բաքվում` ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարի կենտրոնական հարցերը վերաբերում են Ուկրաինային և Իրաքին, սակայն շատ բանախոսների ուշադրության կենտրոնում է Ղարաբաղի հարցը»,- նշել է քաղաքական վերլուծաբան, Լոնդոնի`Հակամարտությունների և պետականաշինության տեղեկատվական ցանցի գործադիր տնօրեն (LINKS) Դենիս Սամութը:


© 2009 ARMENPRESS.am