Շրջակա միջավայրի պաշտպանության օրվան նվիրված միջոցառում է տեղի ունեցել Երևանի կենդանաբանական այգում

20:13, 5 Հունիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Երևանի կենդանաբանական այգում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման բացմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ ողջունելով նրանց նախաձեռնությունը։  Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառումը նաև քարոզչական առաքելություն ունի և բնության հանդեպ պատասխանատու ապրելակերպի կոչ է։

Շրջակա միջավայրի պաշտպանության օրվան նվիրված միջոցառումն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2014» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակներում` երեխաների ակտիվ մասնակցությամբ։ Խաղային տաղավարում երեխաները մասնակցել են համակարգչային թեմատիկ խաղ-մրցույթի՝ հեծանիվ մրցանակի համար, իսկ ցուցահանդեսում էլ ներկայացրել են իրենց բնանկար ստեղծագործությունները, ինչպես նաև միջացառման ընթացքում նկարազարդել են տրամադրված նկարակալ-տուփերը։ Միջոցառմանը մասնակցել են նաև բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական և առևտրային կազմակերպություններ, որոնք անվճար տրամադրված տաղավարներում ներկայացրել են իրենց բնապահպանական գործունեությունը, ցուցադրել արտադրանքը։

Միջոցառումն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ բնապահպանության նախարարության, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ: 


© 2009 ARMENPRESS.am