Գագիկ Մինասյանն անիրատեսական է համարում ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության մասին վարկածը

14:03, 3 Հունիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին վարկածը գնալով ավելի անիրատեսական է դառնում: Այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Հնարավոր է, որ դեռևս 7-8 ամիս առաջ այդ վարկածն ավելի իրատեսական էր, քան հիմա: Չնայած, կարծում եմ, որ այդ վարկածը միշտ էլ անիրատեսական է եղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մինասյանը:

Պատգամավորի կարծիքով, հատկանաշական է, որ այդ մասին ավելի շատ խոսում են ռուսական շրջանակները, իսկ ադրբեջանական կողմը բոլորովին չի խոսում ակնհայտ պատճառներով: «Ուկրաինական կոնֆլիկտից հետո, երբ Արևմուտքը չափազանց կարևորում է Ադրբեջանի գազային ռեսուրսների տրամադրումը եվրոպական երկրներին՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը, տնտեսական հարաբերությունների նման սրման պարագայում այդ վարկածը շատ քիչ հավանականություն ունի, քան 7-8 ամիս առաջ՝ չնայած այն ժամանակ էլ շատ քիչ էր հավանականությունը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ամեն դեպքում սա շատ կարևոր հարց է և արժանի է ուշադրության:


© 2009 ARMENPRESS.am