Երգչուհի Դալիթան պատրաստվում է մենահամերգ ունենալ Բեյրութում

10:35, 22 Մայիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ երգչուհի Դալիթայի (Դալիթա Ավանեսյան) առօրյան հագեցած է: Երգչուհին պատրաստվում է իր մենահամերգին, որը կկայանա Լիբանանում մայիսի 30-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դալիթայի մայրը` Իզաբելլա Ավանեսյանը, պատմեց, որ դուստրը լրջորեն է պատրաստվում այդ մեծ նախագծին, որի ապացույցն էլ վոկալի, պարի և բեմական վարպետության ամենօրյա պարապմունքներն են: «Դալիթայի խոսքերով, այս իրադարձությունը կրկնակի պարտավորեցնող է այնքանով, որ սա իր առաջին մենահամերգն է ու այն էլ ՝ ոչ հայրենիքում»,-պատմեց Իզաբելլան;

Մենահամերգի հրավերը ստացվել է Բեյրութի հայ համայնքից: Կայանալիք համերգին երգչուհին կկատարի իր երգացանկից  մեկ տասնյակից ավելի երգ, սակայն երեկոյի ընթացքում երգչուհու կատարմամբ կհնչեն նաև հայ ժողովրդական և աշուղական երգեր՝ այն էլ կենդանի նվագակցությամբ: Հատուկ այդ երեկոյի համար կատարվել են այդ երգերի նոր մշակումներ կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանի կողմից, ով էլ հենց կնվագակցի երգչուհուն:

Մենահամերգին իրենց մասնակցությունը կունենան նաև «Ալագյազ» պարի համույթն ու բեյրութահայ երգչուհի Գոհար Հակոբյանը: «Այս պահին Դալիթան շարունակում է աշխատել , պարապել , ու չի մոռացել նաև նոր երգեր ձայնագրել»,- հավելեց երգչուհու մայրը:

Բեյրութի մենահամերգը կուղեկցվի երկու երգի պրեմիերաներով, որոնցից մեկը հեղինակել են Էմմա Ասատրյանն ու Անիտա Հախվերդյանը:

Դալիթան նեկայացրել է Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում: Երգչուհին ակտիվ նկարահանվում է հեռուստանախագծերում, նկարահանում տեսահոլովակներ, հանդես գալիս խմբակային համերգներում: Պատանի երգչուհին ակտիվ գործունեություն է ծավալում նաև իր ֆեյսբուքյան էջում` մշտապես իրազեկելով երկրպագուներին իր մասնակցությամ նորանոր աշխատանքների իրականացման մասին:


© 2009 ARMENPRESS.am