Հայոց ցեղասպանության լուռ վկաներ. աշխարհի 42 երկրում Մեծ եղեռնին նվիրված 230 հուշարձան կա

13:50, 25 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 42 երկրում կա ավելի քան 230 հուշարձան՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ամենաշատ կոթողներն ԱՄՆ-ում են, Ֆրանսիայում, Սիրիայում և Ռուսաստանում: «Այդպիսի բացահայտում կատարեցի, երբ սկսեցի նախապատրաստվել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված տեսանյութի պատրաստմանը: Ես ինձ համար կատարեցի թերևս ամենաանսպասելի բացահայտումը: Գուցե շատերի համար տարօրինակ թվա, սակայն ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձաններից առաջինը տեղադրվել է Ստամբուլում՝ 1919 թ.: Ցավոք սրտի, այն երկար կյանք չի ունեցել. այսօր այդ հուշարձանից մնացել է միայն լուսանկարը: Քեմալական Թուրքիայի կառավարությունը 1922 թ. որոշել էր վերացնել այդ հուշարձանը, որը գտնվում էր ներկայիս Թաքսիմ հրապարակում»,-«Արմենպրես»-ին պատմեց Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» լրագրող Դավիթ Մուրադյանը, ով իր ուսումնասիրությունը կատարել է Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ տեսանյութ պատրաստելու նպատակով:

Հետաքրքիր էր պարզել, որ Վրաստանում, օրինակ, հուշակոթողները մինչև հիմա կանգնեցվել են Ջավախքում միայն, իսկ Թբիլիսիի խաչքարը բացվել է Մեծ եղեռնի 99-ամյա տարելիցի նախօրեին: Ամենաշատը Ցեղասպանության հուշարձան կա Ֆրանսիայում՝ 42: «Պարզեցի նաև, որ Ամերիկայի ավելի քան 20 նահանգում ևս կանգնեցվել են հուշարձաններ, հուշաքարեր, հուշատախտակներ, խաչքարեր: Շատ դժվար էր գտնել Ռուսաստանի հուշակոթողների լուսանկարները: Վերջին պահին Ուկրաինայի հայ համայնքի իմ գործընկերներն ուղարկեցին նաև Կիևի հուշակոթողի նկարները: Տպավորիչ էր նաև պարզելը, որ հայերի համար գերեզման դարձած Դեր Զորում կա մի քանի հուշարձան, և ընդհանրապես, Սիրիայում կա 30 հուշարձան: Դրանք գտնվում են Դամասկոսում, Հալեպում, Դեր Զորում և այլ վայրերում, որտեղ այսօր ընթանում են թեժ մարտերը, և ոչ ոք չի կարող հստակ ասել, թե որքանով են պահպանվել այդ հուշակոթողները»,-նշեց Դավիթ Մուրադյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի տեղեկացմամբ` թանգարանում կա հատուկ կատալոգ, որտեղ ներկայացված են աշխարհի՝ Մեծ եղեռնին նվիրված հուշակոթողները: 


© 2009 ARMENPRESS.am