Դիարբեքիրում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

18:58, 24 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են Դիրաբեքիրում կազմակերպված հիշատակի արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել «Համատեղ ցավ»-ի հուշարձանի մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը: Ոգեկոչման արարողությանը ներկա են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության Դիարբեքիրի մասնաճյուղի, «Կոմիտաս» ինստիտուտի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Դիարբեքիրի իրավաբանների խորհրդի նախագահ Թահիր Էլչին, նշելով, որ ապրիլի 24-ը հայ ժողովրդի վշտալի օրերից մեկն է, ընդգծել է. «Անատոլիայի ու Միջագետքի հնագույն ժողովուրդներից մեկը` հայ ժողովուրդը, 1915 թվականի ապրիլի 24-ին մինչև այդ օրը մարդկությանն անհայտ ամենամեծ  ողբերգություններից մեկին ենթարկվեց: Որպես քրդական հասարակություն` կիսում ենք եղբայրական հայ ժողովրդի ցավը»: Միաժամանակ, Էլչին նաև հիշատակել է նման ճակատագրի արժանացած ասորիներին` կիսելով նաև նրանց ցավը:

Ավելի ուշ հայտարարություն են արել «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն, հայ պատմաբան Արա Սարաֆյանը, Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության Դիարբեքիրի մասնաճյուղի ղեկավար Ռաջի Բիլիջին և այլոք:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող արարողություններ են տեղի ունեցել Թուրքիայի տարբեր քաղաքաներում` Ստամբուլում, Թունջելիում, Անկարայում և այլուր:


© 2009 ARMENPRESS.am