ԴԱՀԿ աշխատակիցները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

12:50, 24 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցները ՀՀ գլխավոր հարկադիր կատարող գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ ապրիլի 24-ի առավոտյան երթով շարժվել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, երթի մասնակիցները ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: 

Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնությունՀայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:


© 2009 ARMENPRESS.am