Իջևանում ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

12:44, 24 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզկենտրոն Իջևանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումների շարքն սկսվել է ապրիլի 24-ի առավոտյան մեկնարկած երթով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տավուշի մարզպետարանի լրատվության վարչությունից, վաղ առավոտից քաղաքի Սահմանադրության հրապարակից մարդկանց հոսքն ուղղվել է դեպի Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:

Երթին մարզպետ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի, պետական մարմինների, հոգևոր դասի ներկայացուցիչներ, ուսանողներ ու դպրոցականներ: 1915 թվականին նահատակված ավելի քան մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ:

Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում նաև մարզի մյուս քաղաքներում ու գյուղական համայնքներում:


© 2009 ARMENPRESS.am