Նյույորքյան ռադիոյում հայ իրավաբանն ու հաղորդավարը խոսել են Հայոց ցեղասպանության մասին

21:44, 23 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ,  23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նյու Յորքի քաղաքային WBAI/NYC 99.5 FM ռադիոյի եթերում Ամերիկայի հայկական համագումարի նախկին անդամ, իրավաբան Մարկ Մոմջյան խոսել է Հայոց ցեղասպանության մասին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայակական համագումարից, նա մասանկցել է Beyond the Pale (Սահմանից դուրս) շոուին, որն ուսումնասիրում է հրեական մշակույթը:

Մարկ Մոմջյանը Ֆիլադելֆիայի բնակիչ է և ունի շուրջ 25 տարվա իրավաբանական փորձ։ Պաշտպանելով հասարակական արդարությունն ու քաղաքացիական իրավունքները, այդ թվում` աղքատների և անտունների իրավունքները՝ Մոմջյանը դարձել է Հայկական կենտրոնի ներկայացուցիչը Կոլումբիայի համալսարանում։

Ռադիոհաղորդման ընթացքում հաղորդավար Ադամ Սաքսը ներկայացրել է Հայոց ցեղասպանությունը։ Նա  հաղորդումը սկսել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Սենատի արտաքին հարցերի պատասխանատու Ռոբերտ Մենենդեսի, ԱՄՆ նախկին դեսպանների, Հոլոքոստն ուսումնասիրող գիտնականների և հայոց ցեղասպանությունը ուսումնասիրողների աուդիոնյութերով։ Հաղորդման վարողը զուգահեռներ է անցկացրել Հայոց Եղեռնի և Հոլոքոստի միջև։

«Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին անցկացված ջարդերի ընթացքում սպանված հայերի թիվը գրեթե այնքան է, որքան Երկրորդ համաշխարհայինի ժամանակ սպանված հրեաներինը։ Այնպես որ, կարող ենք ասել, որ դրանք նման են»,- ասել է Սաքսը։ Նա նշել է, որ հայերն ու հրեաները բախվել են նույն խնդրին։


© 2009 ARMENPRESS.am