Հրանուշ Հակոբյանը հյուրընկալել է Ռեգենսբուրգի համալսարանի պրոֆեսորների և ուսանողների

20:29, 23 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի Ռեգենսբուրգի համալսարանի մշակութաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին, ովքեր Գերմանահայոց կենտրոնական խորհրդի անդամ Աննա Բաբայանի ուղեկցությամբ Հայաստան են ժամանել մեր երկրի մշակույթին և պատմությանը տեղում ծանոթանալու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հրանուշ Հակոբյանը հյուրերին  ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության առաջնահերթությունները, գործունեության հիմնական ուղղությունները, որից հետո նրանք դիտեցին ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերի մասին պատմող տեսաֆիլմ:

Նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Գերմանիայի խոշոր քաղաքներում մենք ունենք հայկական մեծ Սփյուռք, որը օտար միջավայրում կարողանում է ոչ միայն պահպանել հայ մշակույթը, լեզուն և ինքնությունը, այլև լինել Գերմանիայի օրինակելի քաղաքացի և նպաստել հայ-գերմանական բարեկամության ամրապնդմանը, և այսօրվա այցը դրա վառ վկայությունն է:

Խորհրդանշական է, որ Ռեգենսբուրգի համալսարանի պրոֆեսորները և ուսանողները Հայաստան են ժամանել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին, և նրանց խնդրանքով Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում սփյուռքյան կառույցների ներգրավվածության, իրականացվող աշխատանքների մասին: Որպես ցեղասպանության ճանաչման ընդունելի օրինակ՝ շեշտվեց, որ Թուրքիան պետք է հետևի Գերմանիային, որը ճանաչելով հրեաների Հոլոքոստը, ներողություն խնդրեց հրեա ժողովրդից:  Հրանուշ Հակոբյանը կոչ արեց հյուրերին մասնակցել դեպի Ծիծեռնակաբերդ քայլերթին, ինչը ողջ աշխարհի ուշադրությունը հրավիրում է անմեղ զոհերի հիշատակի խնկարկման և դարասկզբի խոշորագույն ցեղասպանության ճանաչման վրա:

Հանդիպման ավարտին Հրանուշ Հակոբյանը պատասխանեց հյուրերի հարցերին և նվիրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սփյուռքի նախարարության պատվերով հրատարակված գրքեր:

Հրանուշ Հակոբյանը Աննա Բաբայանին հանձնեց «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության «Մայրենիի պաշտպան» անվանակարգի մրցանակը:


© 2009 ARMENPRESS.am