ՀՀ Նախագահը և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության օրակարգը

18:17, 23 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք, Նախագահի համոզմամբ, զգալիորեն նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ և՛ հայկական, և՛ լիտվական կողմից կա բարեկամությունն առավել ամրապնդելու և փոխշահավետ բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ցանկություն:

Հանրապետության Նախագահը և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-լիտվական համագործակցության օրակարգը, բարձր գնահատել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա փոխգործակցության ներկայիս մակարդակը և նախանշել համագործակցության հետագա զարգացման հեռանկարները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:


© 2009 ARMENPRESS.am