Ուկրաինայի կառավարությունը ձեռնամուխ Է եղել Ժնեւյան համաձայնությունների կատարմանը

09:56, 23 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւի իշխանությունները հայտարարել են երկրի արեւմուտքում եւ արեւելքում ուկրաինացիների օրինական քաղաքական պահանջները լսելու եւ նրանց ընդառաջելու պատրաստակամության մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ուկրաինայի կառավարության կայքին:

«Ուկրաինայի իշխանությունը պատրաստ է լսել արեւմուտքում եւ արեւելքում ուկրաինացիների օրինական քաղաքական պահանջները: Եվ ոչ միայն լսել, այլեւ ընդառաջել նրանց: Եվ մենք կոչ ենք անում կատարել Ժնեւյան համաձայնությունները, որոնք կնքվել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջեւ»,- ասված է հայտարարության մեջ:

Ուկրաինայի կառավարությունը հայտնել է, որ սկսել է կատարել պայմանավորվածությունների իր մասը: Այսպես, կասեցվել է երկրում հատուկ գործողությունների ակտիվ փուլը: Բացի այդ նախաձեռնվել է սահմանադրական բարեփոխման անցկացումը, իսկ Գերագույն ռադա օրինագիծ է մտցվել ցուցարարների համաներման մասին: Դրա հետ մեկտեղ կառավարությունը «երաշխավորում է ռուսաց լեզվի պաշտպանությունը եւ նրա հատուկ կարգավիճակի ամրագրումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Խորհրդարանական կոալիցիան դիմել է բոլոր քաղաքական ուժերին՝ կոչ անելով փոխըմբռնման հուշագիր ստորագրել Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման համար»,- հավելել է նախարարների կաբինետը:

Ապրիլի 22-ին հայտնի է դարձել, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը պահանջել է հանրապետության արեւելքում վերսկսել հատուկ գործողությունը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Կիեւի կողմից ժնեւյան համաձայնությունների շտապ կատարման անհրաժեշտության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am