Մեխիկոյում տեղի է ունեցել Գաբրիել Գարսիա Մարկեսի հետ հրաժեշտի արարողությունը

09:59, 22 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Գեղեցիկ արվեստների պալատում տեղի է ունեցել կոլումբիացի աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի հետ հրաժեշտի սգո արարողությունը: Այն գլխավորել են Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն եւ Կոլումբիայի նրա պաշտոնակից Խուան Մանուել Սանտոսը: Միջոցառմանը մասնակցել են գրողի հարազատներն ու մերձավորները, ինչպես նաեւ մշակույթի, քաղաքականության նշանավոր գործիչներ եւ գրականագետի ընկերները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ելույթ ունենալով սգո արարողությանըէ Սանտոսը հայտարարել է, որ Գարսիա Մարկեսին համարում է «արդիականության ամենաականավոր կոլումբիացին»: «Նա ողջ է մնում շնորհիվ իր բազմաթիվ հիանալի ստեղծագործությունների»,- ընդգծել է Կոլումբիայի նախագահը, որը հատուկ ժամանել է Մեխիկո՝ մասնակցելու սգո արարողությանը:

Իր հերթին Պենյա Նիետոն ասել է, որ Գարսիա Մարկեսը «Ամերիկայի բոլոր ժամանակների մեծագույն նովելիստն էր»: Նրա մահը «մեծ կորուստ է ոչ միայն գրականության, այլեւ ողջ մարդկության համար», նշել է Մեքսիկայի նախագահը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am