Միացյալ Թագավորության միապետ Եղիսաբեթ Բ թագուհին նշում է 88-ամյակը

17:30, 21 Ապրիլ, 2014

ԼՈՆԴՈՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության միապետ Եղիսաբեթ Բ թագուհին, ով իր պետության ու ժողովրդի խորհրդանիշն է, ապրիլի 21-ին տոնում է ծննդյան օրը. լրանում է նրա 88 տարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թագուհու 88-ամյակի առթիվ Բուքինգհեմյան պալատը հրապարակել է միապետի նոր պաշտոնական դիմանկարը, որը  հեղինակել է Բրիտանիայի լավագույն լուսանկարիչներից Դևիդ Բեյլին: «Ես մշտապես թագուհու մեծ երկրպագուն եմ եղել:  Նա շատ բարի աչքեր ունի` չարաճճի փայլով: Ինձ միշտ դուր են եկել ուժեղ կանայք, իսկ նա շատ ուժեղ կին է»,- նշել է  76-ամյա Բեյլին:  

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ Եղիսաբեթ Ալեքսանդրա Մարիա Վինձորը ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին Լոնդոնում: Սակայն, ավանդույթի համաձայն, թագուհու ծննդյան օրը Մեծ Բրիտանիայում պաշտոնապես նշում են հունիս ամսվա առաջին հանգստյան օրերին` որպես համազգային մեծ տոն: Այդ օրը տեղի են ունենում համայնական միջոցառումներ` «Ազգային գերբի կամ դրոշի հանդիսավոր դուրս բերումը» (Trooping the Colours), արքայական հեծյալ պահակազորի շքերթը (Horse Guards Parade), ինչպես նաև Hype Park-ում` շքեղ հրավառություն ու համերգով ուղեկցվող երեկույթ:

Տարբեր օրերի թագուհու ծնունդը հանդիսավոր նշում են Ավստրալիայում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Բերմուդյան կղզիներում, ինչպես նաև` Անգլիային ենթակա նախկին գաղութներում: 

 


© 2009 ARMENPRESS.am