Հանրային խորհրդի նախագահը ցավակցություն է հայտնել Հրանտ Վարդանյանի մահվան կապակցությամբ

11:46, 21 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցագիր է հղել «Գրանդ Քենդի» եւ «Գրանդ Տոբակո» ընկերությունների հիմնադիր Հրանտ Վարդանյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԽ լրատվական ծառայությունից, ցավակցագրում ասված է. ««Գրանդ Քենդի» եւ «Գրանդ Տոբակո» ընկերությունների հիմնադիր, գործարար աշխարհի ամենաակնառու ներկայացուցիչ Հրանտ Վարդանյանի մահը մեծ կորուստ ու ցավ է բոլորիս համար: Որպես հայրենական արտադրության ջատագով և հայկական լուրջ բրենդի հիմնադիր՝ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ վերականգնելով հայկական արտադրության ավանդույթները, մարդկանց վստահությունը և հայկական ապրանքատեսակը մրցունակ դարձնելով ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Նա իսկապես հայրենանվեր մարդ էր, բարեխիղճ արտադրող՝ արժանի մեծ հարգանքի և երախտիքի, որի գործունեությունը պետք է օրինակ և ուղենիշ դառնա գործարար աշխարհում՝ մասնավորապես հայրենական ապրանք արտադրողների համար:

Իմ և Հանրային խորհրդի անունից խորապես ցավակցում եմ Հրանտ Վարդանյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին, կիսում նրանց վիշտը: Լիահույս եմ, որ նրա գործն արժանի շարունակություն կունենա»:

Հրանտ Վարդանյանը մահացել է Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնում ապրիլի 20-ին: Նա հիվանդանոց է տեղափոխվել ապրիլի 19-ին սրտի կանգով: Բժիշկները մոտ երկու ժամ պայքարել են նրա կյանքի համար, որը, սակայն, փրկել չի հաջողվել:


© 2009 ARMENPRESS.am