ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՆԱՏՕ-ի տարածաշրջանային պատասխանատուների հետ

17:56, 18 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ապրիլի 18-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի՝ Հայաստանի պատասխանատու Շտեֆեն Էրգելսմայի եւ Հարավային Կովկասի երկրների՝ կապի ոլորտի պատասխանատու Ուիլյամ Լահյուի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանն առնչվող հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Կորյուն Նահապետյանը, կարեւորելով ՆԱՏՕ-ի եւ նրա Խորհրդարանական վեհաժողովի հետ Հայաստանի համագործակցությունը, նշել է, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը իրականացվել է բավական արդյունավետ եւ կարեւոր դեր է խաղացել ՀՀ պաշտպանական բարեփոխումների, մասնավորապես, զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության ու ոլորտի թափանցիկության ապահովման գործում: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այդ համագործակցությունը շարունական կլինի, եւ խորհրդարանի ու իր ղեկավարած հանձնաժողովի դերակատարումը այդ ծրագրերի իրականացման գործում՝ առավել նշանակալից: Նա կարեւորել է միջազգային խաղաղապահ առաքելությանը ՀՀ զինված ուժերի ներգրավվածությունն ու ՆԱՏՕ-ի ԽՎ-ի աշխատանքներին հայ խորհրդարանականների ակտիվ մասնակցությունը:

Կորյուն Նահապետյանն անդրադարձել է նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու որոշմանը՝ այն գնահատելով որպես ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից բխող կարեւոր քայլ:

ՆԱՏՕ-ի տարածաշրջանային պատասխանատուները բարձր են գնահատել Հայաստանի ներդրած ջանքերը համատեղ ծրագրերը հաջողությամբ իրականացնելու գործում եւ գոհունակություն հայտնել այն շարունակական դարձնելու պատրաստակամության համար:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ աշխարհաքաղաքական նոր իրողություններին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: 


© 2009 ARMENPRESS.am