Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կմեկնարկի «100 տարի, 100 փաստ» նախագիծը

17:52, 18 Ապրիլ, 2014

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ, 2014 թվականի ապրիլի 24-ից կմեկնարկի «100  տարի, 100 փաստ» նախագիծը, որի շրջանակներում  մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը շաբաթական երկու անգամ կհրապարակվեն Հայոց ցեղասպանության իրականությունն ապացուցող փաստեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, փաստերը հասանելի կլինեն 100years100facts.com կայքում, որն ակտիվ հղումով կապված է  Facebook, Twitter, Instagram, և Google+ սոցցանցերին: «Սոցիալական մեդիան և համացանցը որպես Հայոց ցեղասպանության ոգեկոչման գործիք օգտագործելու գաղափարը ոգեշնչող էր ինձ համար: Հայաստանի և հայերի մասին հարյուր փաստերը հավաքելն ու համադրելն ամենևին էլ դյուրին գործ չէ, և մենք հույս ունենք, որ օգտատերերն այն ուսուցանող և ուշագրավ կհամարեն»,- նշել է նախագծի ղեկավար  Լենա Ադիշյանը:

Նախագծի նպատական է վեր հանել հայոց պատմության և մշակույթի ասպեկտները առաջին հերթին հայերի, ապա նաև ավելի լայն հանրության համար` Թուրքիայից մինչև ամենուր, ուր գտնվում է հայկական սփյուռքը, և բոլոր նրանց համար, ում հետաքրքրում են հայերը և հայ ժողովուրդը:

Նշվում է, որ թեև նախագիծը ակադեմիական բնույթ չի կրում, նրա հեղինակներները ձգտել են հավատարիմ մնալ ակադեմիական կանոններին:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am