Չինաստանի դեսպանը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Չինաստանի վարչապետի շնորհավորական ուղերձը

17:00, 18 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպանը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հայտնել, որ պատրաստ է սերտորեն փոխգործակցել տարբեր ծրագրերի իրականացման գործում:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեծապես կարևորում է Հայաստանի բարեկամ Չինաստանի հետ հետագա հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: Այդ առումով, զրուցակիցները քննարկել են հայ-չինական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը Թիան Չանչունը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի շնորհավորական ուղերձը, որում, մասնավորապես, ասված է. «Բարձր եմ գնահատում այն, որ Դուք երկար ժամանակ ջանք եք գործադրել հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում, ներդրել՝ կարևոր ավանդ երկկողմ համագործակցության առաջընթացի համար: Չինական կողմը կարևոր նշանակություն է տալիս չին-հայկական հարաբերություններին: Ես պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանք գործադրել, որպեսզի կայուն կերպով ամրապնդվի փոխշահավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»:


© 2009 ARMENPRESS.am