Ադրբեջանում հետապնդում են սունիներին. լեզգիական համայնք

18:29, 17 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում իսլամի սալաֆի ուղղության հետեւորդ` լեզգիական համայնքի «Լեզգի-մզկիթ» համայնքի անդամները հայտարարել են վերջին շրջանում երկրում սունիներին ճնշելու եւ հետապնդելու փաստերի մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, նրանք պատմել են այսօր Բաքվի լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտում կազմակերպված մամուլի ասուլիսում:

Որպես օրինակ նրանք նշել են Ադրբեջանում «Շահիդլյար», «Աբու Բեքր» եւ «Մուշֆիգաբադ» սունիական մզկիթների անհիմն փակելը: Այդ միջոցառումների անցկացման մեջ համայնքը մեղադրում է Կովկասի մահմեդականների վարչությանը: Նրանք դժգոհություն են հայտնել, որ իրենց հաճախ անվանում են սունի ծայրահեղականներ` վահաբիներ, խավարիջներ, թեքֆիրականներ` չնայած իրենք սովորական սունիներ են:

Համայնքի անդամները նաեւ հայտարարել են Ադրբեջանում սունիների նկատմամբ խտրականության մասին, որոնց համայնքները, ի տարբերություն շիաների, պետական մարմինները չեն գրանցում: Լեզգիական համայնքի ղեկավար Ֆաիգ Մուստաֆայի խոսքով` դա արվում է սունիներին ամբողջությամբ հեռացնելու նպատակով: Նա ասել է, որ սունիներն ու շիաները նամազի կատարման տարբեր կանոններ ունեն, եւ այդ պատճառով սունիների` շիա մզկիթներ հաճախելն անհնար է:

Իրավաբան Էլման Օսմանը գտնում է, որ Ադրբեջանի բնակչության 35 տոկոսը սունիներ են, սակայն, նրանց մզկիթների թիվը կրճատվում է: Աղոթատեղիների թվի սակավության սունիներն ստիպված հավաքվում են բնակարններում եւ աղոթում այնտեղ, բայց դրա համար ոստիկանությունը նրանց ձերբակալում է` մեղադրելով ապօրինի հավաքներ անցկացնելու մեջ:  Նա նաեւ հայտարարել է, որ սունիներն Ադրբեջանում առաջնորդ` մուֆտի չունեն, իսկ Կովկասի մահեդականների վարչության ղեկավարի տեղակալ Սալման Մուսաեւին այդպիսին չեն համարում:

Համայնքը հերքում է մեղադրանքներն այն մասին, որ համայնքի անդամները մեկնում են Սիրիա կռվելու: «Մենք չգիտենք` ինչով են զբաղվում մեր դավանակիցները մզկիթից դուրս գալուց հետո: Բացի այդ, Սիրիայում կռվողների մեջ շիաները զգալիորեն ավելի շատ են, քան սունիները», -ասել է Ֆաիգ Մուստաֆան:


© 2009 ARMENPRESS.am