Հայ ոստիկանները նշել են մասնագիտական տոնը

22:00, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հանդիսավոր պայմաններում նշել է մասնագիտական տոնը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ՝ ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաները, վետերաններն ու հյուրերը, հարգանքի տուրք մատուցելով ոստիկանների բոլոր սերունդներին` ծաղկեպսակներ են դրել Արամ Մանուկյանի և Իրավակարգի զինվորի հուշարձաններին։

Տոնական օրը շարունակվել է ոստիկանության բարեփոխված դահլիճում հրավիրված հանդիսավոր նիստով, որի ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը կարդացել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Հանրապետության Նախագահի կողմից Ոստիկանության մի խումբ ծառայողների հանձնվել են պարգեւներ և շնորհվել սպայական բարձրագույն կոչումներ։

Ոստիկանության օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսք է ասել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ ՀՀ վարչապետի որոշումով ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են մասնագիտական տոնի կապակցությամբ։ Շնորհավորական խոսքեր են հղել նաև ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը, ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ  Հակոբյանը։

Այնուհետև հրապարակվել է ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պետի շնորհավորական ուղերձը ՀՀ ոստիկանության տոնի առթիվ։ 

Հանդիսության ավարտին հրապարակվել են ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանները` ոստիկանության մի շարք ծառայողների պարգևատրելու մասին։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության 96-ամյակին նվիրված հանդիսություններն ավարտվեցին տոնական համերգով։


© 2009 ARMENPRESS.am