ՕԵԿ-ը խնդրահարույց և ոչ նպատակահարմար է համարում կոալիցիայի մեջ մնալը

20:29, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ 16 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցությունը խնդրահարույց և ոչ նպատակահարմար է համարում Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ կոալիցիոն կառավարության մաս կազմելը: Կոալիցիոն կառավարության մաս կազմելու կամ չկազմելու հարցի առնչությամբ վերջնական գնահատականը ապրիլի 25-ին կտա ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Այդ մասին ապրիլի 16-ին ՕԵԿ քաղխորհրդի նիստից հետո նշեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը՝ ներկայացնելով քաղխորհրդի որոշումը:

««Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է՝ առաջին՝ «Օրինաց երկիր» կուսակցության՝ քաղաքական կոալիցիային հետագա անդամակցության հարցը համարել խնդրահարույց և ոչ նպատակահարմար: Երկրորդ՝ հաշվի առնելով, որ կոալիցիայում «Օրինաց երկիր կուսակցությունը գործունեության հետագա շարունակումը դիտարկում է խնդրահարույց և ոչ նպատակահարմար, ՕԵԿ քաղաքական խորհուրդը բավարարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախարարներ Արմեն Երիցյանի, Սերգո Կարապետյանի և Սամվել Թադևոսյանի դիմումները կուսակցությունից դուրս գալու մասին, հաջողություն մաղթեց նրանց իրենց հետագա գործունեության մեջ»,- նշեց Շահգելդյանը: Քաղխորհրդի որոշումն ընդունվել է միաձայն:

Ըստ նրա` կուսակցության մարզային և տարածքային կառույցների քաղխորհրդի որոշման քննարկումները ամփոփելով` Արթուր Բաղդասարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով և սպառիչ գնահատականներ կտա: Շահգելդյանի կարծիքով` սակայն, ՕԵԿ-ը ընդդիմություն կդառնա:


© 2009 ARMENPRESS.am