Սիրիահայ և արաբ երիտասարդները ի հիշատակ սիրիական պատերազմի զոհերի երթ անցկացրին Երևանում

20:01, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիահայ և արաբ երիտասարդները Մատենադարանից դեպի Սիրիայի դեսպանատուն երթ անցկացրին։ Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Սիրիայի Աշակերտության և ուսանողության խորհրդի անդամ Մանվել Կոստանյանը, երթը նվիրված է Սիրիայի անկախության օրվան և սիրիական պատերազմի, ինչպես նաև Քեսաբի ինքնապաշտպանության ընթացքում զոհվածների հիշատակին և ուղղված է Էրդողանի վարչակազմի դեմ:  

«Մենք քայլերթ ենք անցկացնում հանուն այն նահատակների, որ դարձան այս պատերազմի զոհը։ Նրանցից ոմանք հայեր էին։ Մենք նաև մեր աջակցություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այժմ Սիրայում են և ապրում են պատերազմի մեջ»,- ասաց Կոստանյանը։


Երթը սկսվեց Սիրիայի օրհներգով, ապա մասնակիցները երգեցին Հայաստանի օրհներգը:  Երթը շարունակվեց մինչև Հայաստանում Սիրիայի դեսպանատուն` Սիրիայի Նախագահին, բանակին ու ժողովրդին զորակցող կոչերով:

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի իշխանության դեմ 2011 թվականի մարտից սկսված ցույցերը հետագայում վերածվեցին լուրջ զինված բախման եւ պատերազմի՝ շարունակվելով մինչ օրս: ՄԱԿ-ի հրապարակած տվյալներով՝ Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Բացի այդ, շուրջ 9 միլիոն սիրիացիներ, երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, ապաստան են գտել հարևան Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում և Իրաքում:


© 2009 ARMENPRESS.am