Հորդանանի օդուժը ոչնչացրել է սիրիա-հորդանանյան սահմանով անցնող զրահապատ մեքենաները

18:56, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանի Թագավորության օդային ուժերը ապրիլի 16-ին ռմբակոծել են սիրիա-հորդանանյան սահմանով անցնող զրահատեխնիկայի շարասյունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  արաբական լրատվամիջոցները, այս մասին ապրիլի 16-ին հայտարարել է Հորդանանի հեռուստատեսությունը:

Հորդանանի օդուժը ոչնչացրել է զրահամեքենաները, որոնք փորձում էին անցնել սիրիա-հորդանանյան սահմանը: Մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ ոչնչացվել են զրահապատ 3 մեքենաներ:

Սիրիայի ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ սիրիական բանակին պատկնաող որևէ զրահատեխնիկա չի անցել հորդանանյան սահմանով, և Հորդանանի օդուժի ոչնչացրած մեքենաները սիրիական բանակին չեն պատկանում: Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ տեղեկացրել էին, որ մեքենաները պատկանում են սիրիական բանակին:

Մյուս կողմից, Սիրիայի օդային ուժերի արձակած մի քանի հրթիռներ են ընկել սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում գտնվող Արսալ քաղաքում: Պատճառած վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:


© 2009 ARMENPRESS.am