Սեյրան Օհանյանը ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ խոսել է սպառազինությունների մրցավազքի անթույլատրելիության մասին

16:18, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի խախտումներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցերին:

ՀՀ պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել, որ ԵՍԶՈՒ պայմանագիրը և Վիեննայի 2011թ. փաստաթուղթը չեն հանդիսանում զսպող գործոններ, ինչը հանգեցնում է սպառազինությունների մրցավազքի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ ԵԱՀԿ շրջանակներում իրականացվող մարդու իրավունքների, բարեվարքության, թափանցիկության, բանակ-հասարակություն կապի և այլ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am