Կրթաթոշակային նոր հնարավորություններ` միջազգային դպրոցներում ուսանելու համար

18:32, 9 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գլոբալ բրիջ» կրթական կենտրոնի նախաձռնությամբ, ապրիլի 11-12-ը «Հայաթ Փլեյս» հյուրանոցում կկայանա կրթական ցուցահանդես, որի ժամանակ հայ դպրոցականները կծանոթանան ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, Վրաստանում և Թաիլանդում գտնվող վեց միջազգային դպրոցներում ուսանելու համար կրթաթոշակ ստանալու հնարավորություններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գլոբալ բրիջ» կրթական կենտրոնից, ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել վերոնշյալ վեց միջազգային միջնակարգ և ավագ դպրոցների ներկայացուցիչները, ովքեր հայ դպրոցականներին և նրանց ընտանիքներին կծանոթացնենեն «Ջի-Սի-Էս-Ի» (GCSE), «Էյ- լեվել» (A-level), «Ամերիկյան ավագ դպրոց» (American High School) և «Միջազգային բակալավրիատ» (IB) ծրագրերին, որոնք ավարտելուց հետո դպրոցականները հնարավորություն ունեն ընդունվել աշխարհի ցանկացած համալսարան:

Տվյալ կրթաթոշակային ծրագրերով ուսանած հայազգի ուսանողները նախկինում արդեն ընդունվել են աշխարհի լավագույն համալսարաններ, ինչպիսիք են Լոնդոնի համալսարանային քոլեջը (UCL), Տորոնտոյի և Քեմբրիջի համալսարանները:

Անսահմանափակ թվով կրթաթոշակներ կարող են տրամադրվել Թաիլանդի «Ռիջենթս» միջազգային դպրոցում ուսանելու համար, որոնք ծածկում են ուսման և կացության ծախսերի մինչև 80 տոկոսը, 6 կրթաթոշակ` Բոսթոնի «Քեթս» ակադեմիայում սովորելու համար, որը ծածկում է ուսման վարձի 20-100 տոկոսը, 2 կրթաթոշակ` Լոնդոնի «Դաֆֆ Միլլեր» քոլեջի համար, որը ծածկում է ուսման վարձի 20-50 տոկոսը, 3 կրթաթոշակ` Լոնդոնի «Չելսի Ինդիփենդենթ» քոլեջի համար, որը ծածկում է ուսման վարձի 20-50 տոկոս, 3 կրթաթոշակ` Լոնդոնի «Լենսդոուն» քոլեջի համար, որը ծածկում է ուսման վարձի 20-50 տոկոսը: Ուսման վարձի 20-50 տոկոսը ծածկող 4 կրթաթոշակ կարող է տրամադրվել Լոնդոնի «Քեթս» քոլեջում ուսանելու համար, և համապատասխանաբար 3-ական կրթաթոշակներ` Քենթերբուրի և Քեմբրիջի «Քեթս» քոլեջներում ուսանելու համար:

 


© 2009 ARMENPRESS.am