Ներկայացվել է «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը

18:30, 18 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է «Ռասիա ՖԶԷ» ներդրումային  ընկերության նախագահ Ջոզեֆ Բորկովսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կառավարության ղեկավարին է ներկայացվել «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը, վերջինիս տնտեսական ու տեխնիկական հիմնավորումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկաթգծի երկարությունը կկազմի շուրջ 300 կմ, այն բաղկացած կլինի կամուրջներից և 60 թունելներից, կունենա 27 կայարան:

Երկաթգծի կառուցումը նախնական գնահատվում է 3,2 մլրդ դոլար: Ակնկալվում է, որ շինարարությունը կտևի մինչև 6 տարի: Ըստ ներկայացված ծրագրի՝  շինաշխատանքները կարող են մեկնարկել 2016 թվականին և ավարտվել 2022 թվականին:

«Անհրաժեշտ է մշակել աշխատանքների իրականացման «ճանապարհային քարտեզ», որպեսզի նախագիծը դառնա իրականություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Երկաթգծի նախագիծը մշակվել է Չինաստանի հաղորդակցության և շինարարության միջազգային ընկերության (CCCC International) կողմից, որն այս բնագավառում ունի երկարատև փորձ և մեծ ճանաչում:    

«Ռասիա ՖԶԷ» ներդրումային  ընկերությունն աշխատանքներ է իրականացնում ներդրումների ներգրավման ուղղությամբ: Նշվել է, որ չինական բանկերը հետաքրքություն են ցուցաբերել նախագծի նկատմամբ և պատրաստակամություն հայտնել ֆինանսավորել ծրագրի 60 տոկոսը:    

 


© 2009 ARMENPRESS.am