Վարուժան Ոսկանյանը կրկին ներկայացվեց Գրականության Նոբելյան մրցանակի

15:10, 28 Հունվար, 2014

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 28 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Գրողների միության վարչությունը հունվարի 27-ին որոշել է 2014թ. Գրականության Նոբելյան մրցանակի համար առաջարկել Վարուժան Ոսկանյանի թեկնածությունը: Թեկնածուների մեջ են նաեւ ռումին երեք այլ գրողներ` արձակագիրներ Նիկոլաե Բրեբանը (Nicolae Breban) եւ Նորման Մանեան (Norman Manea), ինչպես նաեւ բանաստեղծ Միրչա Կարտարեսկուն (Mircea Cărtărescu): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ոումինական MEDIAFAX լրատվական գործակալությունը, ՌԳՄ նախագահ Նիկոլաե Մանոլեսկուն (Nicolae Manolescu) հայտնել է, որ վերոհիչյալ չորս գրողներին Նոբելյան մրցանակի ներկայացնելու համար չափանիշ են ծառայել «նրանց գործերի գրական արժեքը եւ օտար լեզուներով թարգմանությունը»:

Բազմաթիվ լեզուներով թարգմանված եւ միջազգային հռչակի արժանացած «Շշուկների մատյան» վեպի հեղինակ Վարուժան Ոսկանյանը անցյալ տարի նույնպես ներկայացվել էր Գրականության Նոբելյան մրցանակի միանգամից երեք երկրների` Ռումինիայի, Հայաստանի եւ Իսրայելի կողմից:

«Շշուկների մատյանը» հայ ժողովրդի տառապանքների հիմնը հանդիսացող բացառիկ երկ է». արգենտինական Լա Նասիոնի (La Nacion) կողմից նման կերպ բնութագրված ստեղծագործությունը Հայոց ցեղասպանության մասին է: Վեպը մինչեւ հիմա թարգմանվել է իսպաներեն, իտալերեն, եբրայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, բուլղարերեն, շվեդերեն: Պատրաստվում են չեխերեն եւ հունգարերեն հրատարակությունները: Ռումիներենով գրված «Շշուկների մատյանը» հայերեն հրատարակվել է 2012թ. Երեւանում եւ Բուխարեստում որպես երկրորդ բնագիր:  Վեպը Ռումինիայի լավագույն գրական ստեղծագործություն է ճանաչվել, ստացել Ռումինիայի ակադեմիայի գրական գլխավոր մրցանակը: Կոլումբիայում մտել է բեսթսելլերների լավագույն հնգյակում: Այն ներկայացվել է գրքի միջազգային մի շարք տոնավաճառներում, արժանացել եվրոպական գրական աշխարհի, մամուլի եւ ընթերցողների ուշադրությանը, որոնց գնահատմամբ` գիրքը ժամանակակից եվրոպական գրական երեւույթներից է: 


© 2009 ARMENPRESS.am