Սիրիայի նախագահը իր երկրում ահաբեկչությունները նմանեցրել է Թուրքիայի իրագործած հայկական ցեղասպանության հետ

16:15, 21 Հունվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ահաբեկչական գործողությունները երկրում համեմատել է Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրագործած կոտորածների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆրանս Պրես» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահը նշել է, որ ահաբեկչության անմարդկային, վայրենի և դաժան գործողությունները հիշեցնում են այն, ինչ տիրում էր միջնադարյան Եվրոպայում ավելի քան 500 տարի առաջ: «Դրանք հիշեցնում են նաև թուրքերի կողմից իրագործված զանգվածային սպանությունները, երբ նրանք սպանեցին 1.5 միլիոն հայերի և կես միլիոն ուղղափառ ասորիների»,- ասել է նա:

Ասադը նաև նշել է, որ սիրիական հակամարտության 3 տարիների ընթացքում բազմաթիվ հանգամանքների հետ դժվար էր համակերպվել: Նա հայտարարել է, որ ժնևյան համաժողովում իրենց առաջնահերթ խնդիրն է հասնել համաձայնության ահաբեկչության դեմ պայքարում և ճնշում գործադրել ահաբեկիչներին աջակող, զինող և ֆինանսավորող երկրների վրա, ինչպիսիք են Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը:


© 2009 ARMENPRESS.am