Թուրքական դատարանը Էրդողանի որդուն կալանքի տակ առնելու որոշում է կայացրել

11:04, 27 Դեկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ողջ Թուրքիան ցնցած կոռուպցիոն գործի շրջանակներում թուրքական դատարանը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն` Բիլալ Էրդողանին կալանքի տակ առնելու որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Ռադիկալ» պարբերականը տեղեկացնում է, որ նախկինում գործը քննող դատախազ Մուամմեր Աքքաշի հրահանգով Բիլալ Էրդողանը կանչվել է պարտադիր ցուցմունք տալու: Թուրքիայի վարչապետի որդին դատախազությունում պետք է հարցաքննվի որպես հանցագործ խմբավորման մասնակից:

Հետաքրքրական է, որ այս որոշումից հետո թուրքական իշխանությունները կոռուպցոին գործը հետաքննող դատախազին հեռացրել էին գործի քննությունից:

Թուրքիայում կոռուպցիոն սկանդալը սկսվեց դեկտեմբերի 17-ին Թուրքիայի անվտանգության մարմինների կողմից ապօրինությունների, կոռուպցիայի եւ դրամաշորթության մեղադրանքներով երեք թուրք նախարարների որդիների եւ հայտնի գործարարների հետ 50-ից ավելի մարդկանց աղմկահարույց ձերբակալությամբ: Թուրքական մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Էրդողանի կառավարության բարձրաստիճան անդամները 100 մլրդ դոլար են «լվացել» կառավարության հայտարարած մրցույթներում:


© 2009 ARMENPRESS.am