Կենսաթոշակների ավելացումով 30 հազար մարդու եկամուտները բարձր կլինեն աղքատության շեմից

16:36, 3 Դեկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարվա հունվարից Հայաստանում կենսաթոշակների ավելացման շնորհիվ 30 հազար մարդու եկամուտները բարձր կլինեն աղքատության շեմից: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծից բխող կենսաթոշակների հաշվարկման նոր կարգը ներկայացնելիս՝ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Կենսաթոշակները հունվարի 1-ից կբարձրանան 40 տոկոսով: Օրինակ՝ եթե այսօրվա գործող կարգով 10 տարվա ստաժ ունեցող անձն ստանում է 14 հազար 800 դրամ թոշակ, ապա առաջարկվող նոր բանաձևի շնորհիվ կենսաթոշակի չափը կհասնի 21 հազար դրամի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Արտեմ Ասատրյանը նաև ներկայացրեց զինծառայողների թոշակների բարձրացման հարցը. բարձրացումն ուժի մեջ է մտնելու հաջորդ տարվա հուլիսի 1-ից:

Նախարարը տեղեկացրեց, որ թոշակների բարձրացման համար հաջորդ տարվա բյուջեով նախատեսված է 25 մլրդ դրամ լրացուցիչ գումար:

 

 


© 2009 ARMENPRESS.am