«An Gordonach!» և «Որդան Կարմիր» հայկական ռոք-խմբերը բարեգործական համերգը կունենան Լոնդոնում

20:30, 28 Սեպտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդահայկական «An Gordonach!» և հայկական «Որդան Կարմիր» ռոք-խմբերը սեպտեմբերի 28-ին իրենց առաջին համատեղ համերգը կունենան Լոնդոնում: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ Առաքելական Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմից, համերգը բարեգործական նպատակ ունի: Տոմսերի արժեքն է 6 ֆունտ ստելինգ, որից մեկ ֆունտ ստերլինգը կտրամադրվի բաեգործության` Գյումրու Լորդ Բայրոնի անվան դպրոցի հիմնանորոգման համար: Ծրագիրը համակարգում է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանությունը:

«Հրաշալի հանարավություն է բրիտանական ռոք-երաժշտության հանդիսատեսին ներկայացնել հայակական երաժշտության մյուս կողմը: Ես ի նկատի ունեմ, որ System of a Down-ի ներկայացրած երաժշտությունից և դուդուկից բացի, կա նաև այլ տիպի հայկական երաժշտություն: Նույնը վերաբերում է նաև Լոնդոնի երաժշտասերներին: «Որդան Կարմիր»-ը (և մենք) ավելի ինտուիտիվ և հում երաժշտություն ենք ներկայացնում` հիմնված հայկական ավանդական երաժշտության վրա»,- նշել է «An Gordonach!»-ի մենակատար Ստյուարտ Մորը:

«Որդան Կարմիր» հայկական ալտերնատիվ-մետալ խումբը կազմավորվել է 2004 թվականին, Վանաձորում: Երաժիշտները նվագում են ծանր ռոք, ալտերնատիվ մետալի տարրերով` օգտագործելով ավանդական հայկական ժողովրդական երաժշտությունը և հին հայկական եկեղեցական երաժշտության ավանդույթները:

«An Gordonach!» խումբը ձևավորվել է Վանաձորում, 2010 թվականի օգոստոսին: Նրանք փորձում են ստեղծել նոր, հետաքրքիր երաժշտական ոճ՝ ներկայացնելով ռոքի, բրիտ-փոփի, շոտլանդական, հայկական ժողովրդական երաժշտությունների խառնուրդ:



© 2009 ARMENPRESS.am