«Երևան. հայացք XXI-րդ դարից» լուսանկարների ցուցահանդեսում կներկայացվի երևանյան կոլորիտը

20:04, 20 Սեպտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության Հրապարակ կայարանում, սեպտեմբերի 21-ին, «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում տեղի կունենա «Երևան. հայացք XXI-րդ դարից» լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի պատմության թանգարանի համագործակցությամբ: Ինչպես տեղեկացավ «Արմենպրես»-ը ՀՀ մշակույթի նախարարությունից, լուսանկարները ներկայացվելու են մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Զորավար Անդրանիկ», «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարաններում մինչև հոկտեմբերի 21-ը: Ցուցահանդեսում ներկայացված են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կեսի Երևանը ներկայացնող լուսանկարներ: Առանձնահատուկ տեղ է հատկացված թամանյանական Երևանին: Լուսանկարներում ներկայացված են երևանյան փողոցներ, հասարակական, վարչական նշանակության և անձնական օգտագործման կառույցներ:

Ցուցահանդեսն անցկացվում է «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակներում, որոնք անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954թ.) միացած 50 Եվրոպական երկրներում: 2013թ.-ի Եվրոպական ժառանգության օրերի «Ժառանգության ժառանգները» խորագիրը կրող միջոցառումների հայաստանյան մեկնարկով օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին շուրջ 60 մշակութային օջախներ, բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ իրականացրին մոտ 200 միջոցառում:


© 2009 ARMENPRESS.am