Վրաստանում անորոշ ճակատագրով հայկական եկեղեցիներում վերանորոգման աշխատանքներ կկատարվեն

10:57, 11 Սեպտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի ներքո գործող բոլոր` 46 եկեղեցիներում անցկացվում են եկեղեցական ծիսակատարություները, մատուցվում են կիրակնօրյա պատարագներ: Վիրահայ համայնքն ապրում է հոգևոր կյանքով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վիրահայոց թեմի մամլո ծառայության տնօրեն Սուսաննա Խաչատրյանը: «Վիրահայոց թեմի ներքո գործող եկեղեցիներից բացի, ունենք նաև «վիճելի» եկեղեցիներ` 5-ը Թբիլիսիում և 1-ը` Ախալցխայում: Դրանք հայկական եկեղեցիներ են, վրացական կողմն էլ ընդունում է, որ, օրինակ, Նորաշենը հայկական է, բայց ինչ-որ գիտական հիմնավորումներ է պահանջում»,-ասաց նա` հույս հայտնելով, որ եկեղեցիների պատկանելության խնդրով զբաղվող եռակողմ հանձնաժողովի (Վրաստանի պատրիարքարան, Մշակույթի նախարարություն և Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդարան) աշխատանքների արդյունքում հարցը դրական լուծում կստանա:

Հարցին ի պատասխան, թե որքանով են «վիճելի» եկեղեցիների հարցում փոփոխություններ նկատվել Վրաստանի գործող վարչապետի` Բիձինա Իվանիշվիլիի օրոք` Սուսաննա Խաչատրյանը նշեց, որ Հայաստան կատարած այցի ժամանակ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ հարցը քաղաքական չէ, այն հոգևորականների քննարկման դաշտում է: «Վարչապետը նշեց, որ եկեղեցական որոշում պետք է ընդունվի, բայց որպես պատմամշակութային կոթող, «վիճելի» եկեղեցիները պետք է վերանորոգվեն, չմնան վթարային վիճակում»,-ասաց Սուսաննա Խաչատրյանը` նշելով, որ տարվում են նախապատրաստական աշխատանքներ եկեղեցիներում վերանորոգում սկսելու համար:

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը ընդգրկում է Վրաստանի Հանրապետության տարածքը։ Թեմի առաջնորդանիստը գտնվում է Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում։ Վիրահայոց թեմը, որն ստացել է իրավաբանական անձի կարգավիճակ, պահանջում է վրաց իշխանություններից վերադարձնել խորհրդային իշխանության տարիներին բռնագրավված Թբիլիսիի Սուրբ Նորաշեն Աստվածածին, Սուրբ Նշան, Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Երևանցոց Սուրբ Մինաս, Շամխորեցոց Կարմիր Ավետարան եկեղեցիները, Ախալցխայում՝ Սուրբ Նշան եկեղեցին։

Անի Նազարյան


© 2009 ARMENPRESS.am