ԱՄՆ Պետդեպարտամենտի նոր խոսնակ է նշանակվել Հայոց ցեղասպանությունը ժխտող Դուգլաս Ֆրանցը

11:17, 6 Սեպտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Պետդեպարտամենտի նոր խոսնակ է նշանակվել Հայոց ցեղասպանությունը ժխտող հասարակական տխրահռչակ գործիչ և «Լոս Անջելես թայմսի» նախկին գործադիր խմբագիր Դուգլաս Ֆրանցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, սա Ֆրանցի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի առաջին համատեղ աշխատանքային համագործակցությունը չէ: Նախկինում Ֆրանցը որպես հետազոտող-լրագրող աշխատել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում` Քերիի նախագահության տարիներին:

2007 թվականին Դուգլաս Ֆրանցն ազատվել էր «Լոս Անջելես թայմս»-ի խմբագրի պաշտոնից` մեղադրվելով «ծառայողական դիրքը չարաշահելու» մեջ և տեղափոխվել Ստամբուլ: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ`ապրիլին, երբ Կոնգրեսում քննարկվում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության բանաձևը, նա համարից հանել էր հայազգի լրագրող Մարկ Արաքսի հոդվածը Հայոց ցեղասպանության մասին: Արաքսին ուղղված նամակում թերթի նախկին խմբագիրը նշել էր, որ լրագրողի ազգությունը շահերի բախման պատճառ է դարձել:

«Ասպարեզ»-ի հաղորդմամբ` Ֆրանցը Թուրքիայի հետ երկար տարիների առնչություններ ունի: Մի քանի տարի նա աշխատել է Ստամբուլում` որպես «Նյու Յորք թայմս»-ի բյուրոյի ղեկավար, ապա որպես հետազոտող-լրագրող աշխատանքի է անցել «Լոս Անջելես թայմս»-ում: Նա սերտ կապերի մեջ է ամենատարբեր թուրք պաշտոնյաների, այդ թվում` Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի հետ:


© 2009 ARMENPRESS.am