Ստուգողական գրավոր աշխատանքների տետրերը կգործարկվեն միայն ծնողական խորհուրդների համաձայնությամբ

16:40, 30 Օգոստոս, 2013

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` օգոստոսի 30-ին, շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, շրջաբերականի մեջ, մասնավորապես, ասված է.

«Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների գիտելիքների գնահատման արդյունավետության բարձրացման   նպատակով  ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորվել են թեմատիկ և կիսամյակային ստուգողական գրավոր աշխատանքների տետրեր, որոնք կարող են գործածվել ուսումնական հաստատություներում բացառապես ծնողական խորհուրդների համաձայնությամբ»: Միաժամանակ նախարարը ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին առաջարկել է համապատասխան հանձնարարականներ տալ ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ այլ աշխատանքային տետրերի, օրագրերի և ուսումնաօժանդակ նյութերի վաճառքն ուսումնական հաստատություններում բացառելու վերաբերյալ:

 


© 2009 ARMENPRESS.am