Տեխնոլոգիական հսկա IBM-ի հետազոտական ծրագրերում հայ ուսանողներ կընդգրկվեն, Հայաստան կայցելի Google-ի պատվիրակությունը

11:02, 20 Հունիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննարկվում է աշխարհահռչակ տեխնոլոգիական «IBM» ընկերության հետազոտական ծրագրերում հայ ուսանողների ներգրավման հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: ««IBM» ընկերության հետ համատեղ արդեն մշակվել է փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որում ներկայացվել են տեխնոլոգիական հսկայի հետ համագործակցության ուղղություններն ու առաջնայնությունները: Ներկայում մշակվում է Հայաստանում «IBM» ընկերության կոմպետենտության կենտրոնի հիմնման մոդելը, որը կնկարագրի երկու կողմերի մասնակցությունը ծրագրին: Միևնույն ժամանակ «IBM»-ի կողմից ներկայացվել է ընկերության հետազոտական ծրագրերում ուսանողների ներգրավման ծրագիր և ներկայում քննարկվում են հայաստանյան բուհերի ուսանողներին նշված ծրագրում ընդգրկելու մեխանիզմներ»,-ընդգծեց ԶՀԳ տնօրենը:

Խոսելով Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ակնկալվող քայլերի մասին` Ռոբերտ Հարությունյանը նշեց, որ մոտ օրերս նախատեսվում է Oracle ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը վերաբերող հարցերը և հետագա համագործակցության ուղղությունները տեղում քննարկելու նպատակով: Բացի դրանից, Google ընկերությունը ներկայում քննարկում է ընկերության ներկայացուցիչների հայաստանյան այցի կազմակերպման հնարավորությունը:

Ինչ վերաբերում է արդեն իրականացված քայլերին, ապա նշվեց 2011թ.-ից Հայաստանում գործող «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի նոր տարածքի բացման մասին: «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի նպատակն է խթանել շարժական կապին վերաբերվող նորարարությունը և ապահովել տարածաշրջանների կայուն զարգացումը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն իր հարևան ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների շարքում համարվում է առաջատարներից մեկը: Դրա հիմքը ստեղծվել էր թերևս այն ժամանակ, երբ Խորհրդային Հայաստանը դարձավ նախկին ԽՍՀՄ գիտական, գիտահետազոտական և բարձր տեխնոլոգիաներ արտադրող հիմնական հանգույցը: Աճի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել էին 1987թ., երբ ըստ տարբեր հաշվարկների Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ոլորտում աշխատում էին շուրջ 100 հազար մասնագետներ: Ներկայում ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ու խոստումնալից ճյուղերից է: Անցյալի հաջողությունները, բարձրակարգ մասնագետներն ու հայկական ձեռնարկատիրական ոգին ոլորտի հետագա զարգացման լուրջ հեռանկարներ են երաշխավորում: ՏՏ ոլորտում ակտիվ աշխատում են ավելի քան 350 ընկերություններ, ոլորտում ներգրավված է մոտ 7800 մասնագետ, ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար, 1998 թվականից ի վեր ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 25 տոկոս աճ:


© 2009 ARMENPRESS.am